Minas Tcheraz (1852-1929) is an important figure at the inception of modern Armenian studies. He was a Patron of the Order of the Crown of Thorns.
Tcheraz was the first Professor of Armenian at King’s College, London, and held this chair for seventeen years in all. Politically active throughout, he was an activist for the Armenian Patriarchate and edited the literary and political bimonthly journal Armenia. He was part of the Armenian delegation at the Berlin Congress of 1878, acting as secretary to the Armenian Patriarch. In 1886 the Kedronakan school of higher education was founded in Constantinople under the auspices of Patriarch Nerses Varzhabedian, and Tcheraz served as its President for its first three years. He attended the World’s Parliament for Religions at Chicago as a delegate for the Armenian Church in 1892.
He became a member of the Anglo-Armenian Association in 1893 and was also elected to the Royal Asiatic Society in the same year. Through his lectures and writings he was instrumental in drawing British attention to the persecution of Armenians by Turkey, a situation that was worsening with the Hamidian Massacres of 1894-96 and that would culminate in the Armenian Genocide immediately following World War I.
Tcheraz’s proposal for the resolution of the Armenian situation was that the British should extend colonial protection to the country and that they should settle and invest there to build up its industrial and commercial base. The might of British imperial power would thus act as an effective deterrent to Turkey.
Tcheraz was also a published poet and wrote several books on Armenian culture and history.
«Մինաս Չերազի աճյունը Երեւանո՞ւմ է» հարցական վերնագրով տեքստը եւ այնտեղ Չերազի գերեզմանի մասին անճշտությունը, որ հրապարակված էր «Ազգ» թերթում, ստիպեցին մորս զանգել խմբագրություն: Չէ՞ որ ինքը, երբ 9 տարեկան էր, մոր հետ մասնակցել էր Չերազի թաղմանը: «Ազգի» խմբագիրը նրան խոստացավ լրագրող ուղարկել, որ մայրս ասի ճշմարտությունը, բայց 3 ամիս անցավ, ու լրագրող չեկավ:
Մինաս Չերազի մասին մայրս` Բյուրակն Անդրեասյանը, միշտ ասում է` պապիկս, չնայած նա մորս պապու եղբայրն է, բայց Մինաս Չերազն էլ իր եղբոր որդուն, մամայիս հորը՝ Վահանին, միշտ ասել է` որդիս, քանի որ ինքն ընտանիք չի ունեցել եւ իր ամբողջ կյանքը նվիրել էր ազգին:
Հինգ գրքերի հեղինակ, գրող, մանկավարժ, թարգմանիչ, հրապարակախոս Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին: 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն եւ ֆրանսերեն «Արմենի» թերթը: Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում:
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից` կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ եւ քարտուղար: Ինչպես հայտնի է, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետից Հայկական հարցը տեղափոխվեց 61-րդ ու դարձավ երկրորդական, իսկ Խրիմյան Հայրիկն էլ ասաց, թե հարիսայի կաթսայի մոտ բոլոր երկրները եկել էին երկաթե շերեփով, իսկ հայկական պատվիրակությունը՝ թղթե շերեփով:
Սակայն դա հայ դիվանագիտության մուտքն էր միջազգային ասպարեզ, որի գաղափարն էր եվրոպական պետությունների ճնշմամբ հասնել Թուրքիայում հայ համայնքի համար բարենորոգումների, որը դարձավ ամբողջ հայ քաղաքականության ուղղությունը եւ, ի վերջո, ձախողվեց: Իսկ եղեռնից հետո Հայկական հարցը դարձավ Հայ դատ, որ կրկին նպատակ ունի Թուրքիայի վրա Արեւմուտքի ճնշմամբ հասնելու արդարության:
(Իմ բնակարանի մուտքի պատին մի հայտարարություն է հայտնվել, որ բնակիչներին հրավիրում է անվճար բուժզննության, իսկ առավել անապահովներին խոստանում է նաեւ բուժել: Հայտարարության տակ ստորագրված է «Դաշնակցության «Երկաթե շերեփ» կոմիտեություն»: Հիմա ընտրություններ են, եւ դաշնակցությունն էլ շատ քաղաքական գործիչների պես ընտրակաշառք է բաժանում անվճար բուժօգնությամբ: Խրիմյան Հայրիկի պատգամը, որ անհրաժեշտ է երկաթե շերեփ ունենալ, դաշնակները դարձրին ընտրակաշառք բաժանելու շերեփ):
1927 թվականին Կահիրեում տպագրված «Մինաս Չերազ. իր կյանքը եւ գործը» 368 էջանոց գրքի առաջաբանում հեղինակ Արշակ Ալպոյաճյանը գրում է. «Չերազ, սակայն անվհատ շարունակեց իր սկսած գործը` Եվրոպային ծանոթացնելով հայը եւ իր պահանջները, հուսալով, որ Եվրոպա հանուն գթության կամ քրիստոնեական մարդասիրության պիտի հաճի օգնության հասնիլ եւ փրկել հայ ազգը թրքական լուծեն: Այս պատրանքը ունեցեր էին Ներսես Վարժապետյան (Պոլսո պատրիարք) եւ իր շուրջինները, որոնցմե մեկն ալ Մինաս Չերազ էր, որ առաջին օրեն գործակից գտնված էր Հայկական Խնդիրը ստեղծող խմբակին եւ գործոն դեր կատարեր էր նվիրաբերելով իր ջանքերը եւ աշխատությունները «սուրբ գործին»: Չերազ պահեց այդ միամիտ հավատքը, թերեւս մինչեւ Լոզանի դաշնագիրը, որ վերջ կու տար մեր բոլոր միամտությանց եւ քար ու քանդ կաներ ամեն բան, բայց մանավանդ օտար աջակցությամբ հայ անկախ հայրենիք մը ունենալու հավատքը»:
Չերազի մի միամիտ հավատքին փոխարինում է մի ուրիշ հավատք, գուցե նույնպես միամիտ, որ հայ ժողովրդի վերածնունդն էր տեսնում Խորհրդային Հայաստանի մեջ:
Մայրս թեեւ միշտ հպարտանում է իր պապով, բայց Մինաս Չերազը մեր ընտանիքում շատ հարգված չէր: Հայրս միշտ ծաղրում էր նրան՝ իր սիրելի Վահանին գնդակահարում է Սովետը, նրա ընտանիքը մնում է անտեր, իսկ ինքը դրանից հետո փող է նվիրում Սովետին:
Սա ճիշտ է, այդպես է եղել: Բայց հիմա ես կարդում եմ մորս պահած արխիվը, ու թվում է, թե հայրս գուցե մի քիչ ծայրահեղացնում էր:
Այսպես, 1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, եւ նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է. «Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձեւի տակ ալ ըլլա: Վարչաձեւը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչեւ իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:
Մեկ տարի անց Լենինականում ձերբակալում են նրա սիրելի Վահանին ու գնդակահարում: Հիմա ես կարդում եմ թերթից արտագրված մի պատառիկ, որ Չերազը շատ է տառապել Վահանի վախճանից: 1929 թվականին, իր մահվանից անմիջապես հետո, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում տպվածից է արտագրված.
«Շատ չանցած այդ սովետները հասցուցին Չերազին դաժան հարված մը, որ թերեւս փութացուց իր մահը: Սքանչելի երիտասարդ մը, իր հարազատ եղբորորդին, ոչ իսկ կուսակցական, գնդակահարվեցավ հայրենի սովետներու ձեռքով… Դժբախտ ծերունին աղերսային դիմումներ ըրավ` գեթ պատճառներն իմանալու այդ եղկելի բարբարոսության: Բայց Երեւանի տերերը պատասխան անգամ չտվին»:
Ապրեր եւս 8 տարի ու գուցե վերջնականապես հուսահատվե՞ր Հայաստանից էլ, երբ իմանար, որ գնդակահարվել է նաեւ Վահանի կինը` Վարդանույշը, իսկ իր թոռը` Բյուրակնը, մնացել որբ: 37 թվականին տատիս հետ տարել էին նաեւ տան ամբողջ արխիվը, մեջը` Մինաս Չերազի գրած բազմաթիվ նամակները: Տեսնես, գոնե մտքով անցե՞լ է մեռնելուց առաջ կտակը փոխել ու գումարը թողնել մորս: Ինչեւէ, մահից հետո նրա թողած գումարով կառուցվում են Նուբարաշենի դպրոցն ու հիվանդանոցը:
«Ազգի» հոդվածում ճիշտ է գրված, որ 36 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երեւան են բերում նաեւ Մինաս Չերազի աճյունը: Սակայն անճշտություններ են, որ աճյունը գաղտնաբար են բերել եւ թաղել են ներկայիս Շիրվանզադեի դպրոցի տեղում գտնվող գերեզմանատանը:
Մայրս հիշում է, որ ինքն ու մայրը մասնակցել են Չերազի թաղմանը, որ մեծ շուքով կատարվել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում:
«Փարիզից մորս հորաքույրը ընտանիքով Հայաստան եկավ, մի երկու ամիս մեր տանը մնացին, իսկ հետո հաստատվեցին Նուբարաշենում, – հիշում է մայրս: – Երեւի նրանք էլ ասել են, որ հետները բերել են Մինաս Չերազի աճյունը: Հիշում եմ` մորս հետ Լենինականից Երեւան եկանք` թաղման արարողությանը մասնակցելու: Նուբարաշենի դպրոցի բակում էր: Շատ լավ եմ հիշում փողային նվագախումբը, մի խումբ մարդիկ կային, հանդիսավոր կերպով աճյունը դրեցին գերեզման, վրան ուղղահայաց քար կանգնեցրին, բայց թե ինչ էր վրան գրված` չեմ հիշում»:
Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Մայրս լսել է, որ ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե՝ էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ (Չերազը անկուսակցական էր, բայց այն տարիներին արտասահմանցի ամեն հայ որակվում էր դաշնակ): Ավելի ուշ մայրս իմանում է, որ նրան թաղել են այնտեղ, որտեղ հետագայում կառուցվում է Նուբարաշենի տեքստիլ ֆաբրիկան:
Ստալինյան զոհերի արդարացումների շրջանում, 50-ականների վերջին, մայրս ու հայրս նամակներ են գրում Մինիստրների սովետ, Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ վերականգնեն Մինաս Չերազի հիշատակը, եւ Նուբարաշենի դպրոցը դարձնեն Չերազի անվան, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:
Մայրս հիշում է, որ 80-ականներին «Գարուն» ամսագրի երկու լրագրողների խնդրանքով հետները գնում է Չերազի հետքերով Նուբարաշենի դպրոց, որ կրում էր Ղեւոնդ Ալիշանի անունը: Հանդիպում են տնօրենի հետ, որ լավ տեղյակ է լինում Չերազի պատմությանն ու խոստանում, որ նոր կառուցվող մասնաշենքը կկոչվի Չերազի անունով, սակայն դա չի լինում:
1967 թվականին մորս հորեղբայրը` Լեւոն Չերազը, Ստամբուլից գալիս է Երեւան եւ փորձում գտնել հորեղբոր գերեզմանը: Այդ առիթով Ստամբուլի թերթերից մեկից (հավանաբար` «Մարմարայից») կտրված պատառիկը մորս արխիվում ասում է. «Հուլիսի 15-ին մտավորական եւ ազգային գործիչ Չերազի ծննդյան 115-ամյակն էր, եւ եղբորորդին կուզեր ծաղիկ մը դնել, քանի որ ինքն ալ 77 տարեկան է արդեն… եւ… թերեւս վերջին հարգանքը ըլլար: Շիրիմը կթվի անհայտ ըլլալ»:
Այս տարի լրանում է Մինաս Չերազի 155-ամյակը: Գուցե «Ազգի» հոդվածը (իր անճշտություններով) քայլ է դեպի նրա հիշատակը:
«Երևան Ժամանակ»
24 ապրիլի, 2007